ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Թերեզա Ոսկանյան

  Թերեզա  Ոսկանյանը ծնվել  է  Թբիլիսիում:  Երաժշտական   ուսումը սկսել  է  տեղի Պալիաշվիլու անվ. երաժշտական  դպրոցում, որից  հետո  սովորել   է  Երևանի Չայկովսկու անվ. տասնամյակում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիան որպես դաշնակահար (դոցենտ Ի. Սեդրակյան)   և   երգեհոնահար   (պրոֆ. Վ. Ստամբոլցյան):   Որպես  երգեհոնահար,   կլավեսինահար  և դաշնակահար աշխատում է Հնագույն երաժշտության    «Տաղարան»  անսամբլում  (գեղ. ղեկավար   և   դիրժոր  Ս. Երկանյան): Երևանի պետ. կոնսերվատորիայի  օպերային  ստուդիայի  ուսումնական ասիստենտ է: «Տաղարան» անսամբլի և այլ խմբերի  կազմով  հյուրախաղերով  հանդես է եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավսրտիայում,  Հարավսլավիայում,  Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Թուրքիայում, Լիբանանում, Ռուսաստանում,  Էստոնիայում,  Լատվիայում, Լիտվայում   և   այլ երկրներում:

2011թ.-ից  Թերեզա Ոսկանյանը մասնակցում է Երևանի Կամերային երաժշտության տան  ամենամսյա   երգեհոնային   համերգներին,  ինչպես  նաև որպես մենակատար մասնակցել է  «Թանգարանային   գիշեր»  համերգային  շարքերին  Սբ.  Էջմիածնի  Մայր  Տաճարում:  2013թ­.-ից  Սբ.  Էջմիածնի  Մայր  Տաճարի երգեհոնահարն է:  

Թերեզա Ոսկանյանը համագործակցում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերի  հետ, ինչպես նաև Հայաստանի  պետական կամերային,  Երևանի պետական կամերային, «Հովեր»,  Հայաստանի  պետական  ակադեմիական երգչախմբերի հետ:
Հանդիսանում է մի շարք հայ կոմպոզիտորների (Եր.Երկանյան, Դ.Սաքոյան, Ժ. Շահրիմանյան) երգեհոնային ստեղծագործությունների առաջին կատարողը: