ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Երեվանի  Պետական  կամերային  երգչախումբ

Երեվանի Պետական կամերային երգչախումբ

 

Ստեղծվելով 1996թ. Հարություն Թոփիկյանի կողմից, Ամենայն Հայոց Գարեգին Ա Կաթողիկոսի բարձր հովանու ներքո, Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ներկայացնելով դասական և ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային բարձրաճաշակ կատարումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Երգչախմբի աջակցությունը շարունակվել է նաև  Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, իսկ 2009թ. երգչախումբն ստացել է պետական կարգավիճակ՝ վերանվանվելով, որպես Երևանի պետական կամերային երգչախումբ:

Իր գործունեության ընթացքում երգչախումբը թողարկել է 10 ձայնասկավառակ: 2000թ. Գլենդելում, ԱՄՆ կայացած «BEST TRADITIONAL ALBUM» մրցանակը շնորհվել է երգչախմբի կողմից ձայնագրված «Կոմիտաս վարդապետի երաժշտություն» ձայնասկավառակին: Երգչախմբի բազմաթիվ ձայնագրություններ պահվում են Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ֆոնդերում:

1997թ.-ից սկսվում են  Երևանի կամերային երգչախմբի ելույթները միջազգային բեմերում. նույն թվականին երգչախումբը մասնակցում է Իտալիայի Ռավեննա քաղաքում տեղի ունեցող «Երգի միջազգային փառատոնին»: Մեկ տարի անց երգչախումբը հաջողությամբ հանդես է գալիս Հայաստանի մշակութային օրերին Գերմանիայում, ունենալով համերգներ Բոնն, Հալլե, Վիտենբերգ և Մագդեբուրգ քաղաքներում: 

1999թ. մասնակցում է Նորվեգիայի Բերգենի փառատոնին, որտեղ ի թիվս այլոց, ներկայացվում են համատեղ կատարումներ ճանաչված ալտահարուհի Քիմ Քաշքաշյանի և սաքսոֆոնահար Յան Գարբարեկի հետ:

2000թ. երգչախումբն հրավիրվում է մասնակցելու Գերմանիայում կայացող «Հալլեյի երաժշտական օրեր» փառատոնին:

2001թ. Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակներում երգչախումբը համատեղ համերգով ներկայանում է իտալական աշխարհահռչակ «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ երգչախմբի և նվագախմբի հետ (ղեկ. Ռիկարդո Մուտտի): 

Գերմանական «Ֆրանկֆուրտեր կանտորայ» երգչախումբի (ղեկ. Վինֆրիդ Թոլլ) հետ բեղմնավոր համագործակցության արդյունքում 2000-2002թթ. Երևանի կամերային երգչախումբը և «Ֆրանկֆուրտեր կանտորայը» հանդիսատեսին ներկայանում են բազմաթիվ համատեղ համերգային կատարումներով ինչպես Հայաստանում, այնպես էլ Գերմանիայում, մասնավորապես՝ Ֆրանկֆուրտ/Մայն, Բոնն, Լիմբուրգ քաղաքներում:

2003թ. երգչախումբը հրավիրվում է մասնակցելու «Սանկտ Պետերբուրգյան դղյակներ» փառատոնին, որտեղ ներկայացնում է հայ հոգևոր և աշխարհիկ խմբերգեր: Փառատոնի շրջանակներում երգչախումբն արժանանում է Սանկտ Պետերբուրգի նոր հիմնը առաջին անգամ կատարելու պատվին: Նույն տարում երգչախումբը հրաշալի կատարումներով հանդես է գալիս Հայաստանում՝ Բենջամին Բրիտտենի փառատոնի և Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումների շրջանակներում:

2004թ. մասնակցում է Մոսկովյան «Հարության փառատոնին», այն հարստացնելով հայ դասական խմբերգերի նրբագույն երանգներով:

2005թ. երգչախումբը կրկին հրավիրվում է Գերմանիա՝ «Հալլեյի երաժշտական օրեր»-ին, տալով համերգներ Հալլեյում և Լայպցիգում: Մեկ տարի անց երգչախումբն հաջողությամբ մասնակցում է Ֆրանսիայում տեղի ունեցող «Իլ դե Ֆրանս» միջազգային փառատոնին, իսկ 2007թ. կրկին մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու «Հարության փառատոնին»:

2007թ.  թվականի աշնանը երգչախումբն իրեն հատուկ հիասքանչ կատարումներով հանդես է գալիս Հալեպ, Լաթակիա, Դամասկոս քաղաքներում:

2008թ. մասնակցում է Երևան-Մոսկվա-Շուշի-Բեթղեհեմ հեռուստամարաթոնին, իսկ 2009թ.-ին արդեն երրորդ անգամ է հրավիրվում մոսկովյան «Հարության փառատոնին»:

Կոմիտասի ծննդյան 140-ամյակի առթիվ (2009թ.) երգչախումբը բազմաթիվ համերգներով հանդես է գալիս ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում, ներկայացնելով Կոմիտասի ստեղծագործությունները. այն մաս է կազմում երգչախմբի հիմնական առաքելության և մշտական ջանքերի՝ հնարավորինս տարածել և հանրությանը ճանաչելի դարձնել մեծն կոմպոզիտորի ամբողջ ժառանգությունը: 

2010թ. երգչախումբն իր բարձր կատարողական արվեստով փայլում է Իտալիայի «Լորետտո 50-երրորդ միջազգային փառատոնին», ինչը սփռվում է աշխարհի 50 երկրներում:

Երգչախումբը բազմիցս հայ երաժշտական հանրությանը ներկայացել է մի շարք գործերի առաջին կատարումներով, այդ թվում՝ Տիգրան Մանսուրյանի «Արս պոետիկա» 4 մասից բաղկացած կոնցերտը (1997թ.), Կոմիտասի «Բեռլինյան պատարագը» (2012թ.), Կարա Մուզայի 1-ին բազմազայն պատարագը (2013թ.) և «Մխիթարյանների պատարագը» (2014թ.):

Երգչախմբի երգացնակը մշտապես ընդլայնվում և բազմազանեցվում է. հայ և արտասահմանյան դասական և ժամանակակից գործերից զատ, երգչախմբի երգացանկում այժմ ընդգրկվում են նաև ջազային կատարումներ: Ճանաչված ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ երգչախմբի համատեղ կատարումները հանդիսատեսին մշտապես գրավում են իրենց ուրույն կատարողական արվեստով: Հայոց ցեղասպանության 100-երրորդ տարելիցի միջոցառումների շրջանակներում իրականացվող «Լույս ի լուսո» նախագծի ներքո,  երգչախումբը 2015թ. ընթացքում Տիգրան Համասյանի հետ հանդես է եկել մի շարք եվրոպական և Հայաստանի հարևան երկրներում (Վրաստան, Թուրքիա), ներկայացնելով հայ հնագույն երաժշտություն շարականներ և տաղեր՝ դաշանակահարի յուրօրինակ մեկնաբանությամբ:

2015թ. գարնանը երգչախումբն արդեն 5-երրոդ անգամ է  հրավիրվում մոսկովյան «Հարության փառատոնին». սա ևս մեկ անգամ ընդգծում է կոլեկտիվի բարձր կատարողական արվեստն ու յուրահատուկ ոգին:  

Երգչախմբի գործունեությանն առավել մանրամասն ծանոթանալու և առանձին ձայնագրություններ դիտելու համար այցելեք՝

Հավելյալ  տեղեկությունների  համար՝   http://yerevanchamberchoir.com/

  https://www.youtube.com/user/YerevanChamberChoir

ԵՊԿ  երգչախմբի  երգացանկ

Հարություն  Թոփիկյան

գեղարվեստական  ղեկավար   և  գլխավոր  խմբավար

 

 

Դիրիժոր Թոփիկյանի մասնագիտական գործունեությունը սկսվել է 1973թ, երբ նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Այդ ժամանակից ի վեր Հարություն Թոփիկյանը հաջողությամբ ղեկավարել է մի քանի երգչախմբեր` հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության կամերային երգչախումբը, Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, Երևանի կամերային երգչախումբը: 1982թ. արժանացել է Հայաստանի «ԼԿԵՄ» պետական մրցանակի:

Հարություն Թոփիկյանի ղեկավարած երգչախմբերը մասնակցել են միջազգային բազմաթիվ փառատոնների և մրցույթների: 1987թ.-ին Լիտվայի Հանրապետության Կաունաս քաղաքում միութենական 19 համալսարանական  երգչախմբերի  հեղինակավոր մրցույթում գրավել է առաջին տեղը:

1991 թ.-ին Հարություն Թոփիկյանը դարձել է  «Bridges of song Tallinn-91» (Էստոնիա) արևելք-արևմուտք միացյալ երգի փառատոնի կազմակերպիչներից մեկը, ուր նա պատիվ է ունեցել  ղեկավարելու 20.000 հոգանոց հզոր երգչախումբը: Այդ նույն տարի նա հրավիրվել է Ֆինիկսում (Արիզոնայի նահանգ) կայացող ամերիկյան երաժշտական ասոցիացիայի ամենամյա կոնվենցիային:

1991թ.-ին Հարություն Թոփիկյանը եղել է «Երգի կամուրջներ» փառատոնի կազմակերպիչներից մեկը: Տալլինում նրա ղեկավարությամբ աշխարհի միացյալ 20000 հոգանոց երգչախումբը կատարել է Կոմիտասի «Ազգային օրհներգը»: Այդ նույն տարի նա հրավիրվել է Ֆինիկսում (Արիզոնայի նահանգ) կայացող ամերիկյան երաժշտական ասոցիացիայի ամենամյա համաժողովին:

2000թ. Գլենդելում կայացած 3-րդ ամենամյա հայկական երգի մրցանակաբաշխության  ժամանակ «Լավագույն ավանդական ալբոմ» մրցանակը շնորհվել է Երևանի կամերային երգչախմբի «Կոմիտաս Վարդապետի երգերը» սկավառակին: Երգչախմբի` Թոփիկյանի դիրիժորությամբ շատ ձայնագրություններ արխիվացված են Հայաստանի հանրային ռադիոընկերության ֆոնդում:     

Ներկայումս Հարություն Թոփիկյանը ղեկավարում է Երևանի պետական կամերային երգչախումբը: 

 

Լաուրա Բասենցյան

մասնաճյուղի  ղեկավար

Ծնվել  է   1987թ.  Երևանում:   1995-2002թթ.    սովորել  է  Արմենի Տիգրանյանի անվան  թիվ 3  երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի բաժին:

2004-2009թթ.   սովորել է   Երևանի  Կոմիտասի անվան Պետական  Կոնսերվատորիան՝ «Ակադեմիական երգեցողություն» մասնագիտությամբ, ապա  ավարտել  է Երևանի Կոմիտաս  անվան Պետական Կոնսերվատորիան՝ ստանալով  մագիստրոսի աստիճան:

2009թ.-ից մինչ այսօր աշխատում է Չայկովսկու անվան   երաժշտական դպրոցում՝   որպես  վոկալի ուսուցչուհի:

2016թ. հունվարից  Երևանի  Պետական Կամերային   երգչախմբի  մասնաճյուղի  ղեկավարն է:

 

ԵՊԿԵ

Գերմանիա, 2005թ.

Գերմանիա, 2005թ.