ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Աննա Բակունց

 

Աննա Բակունցը ծնվել է 1971 թվականին Երևանում։ Ավարտել է նախ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը (դաշնամուրային բաժին) և ապա Պ․Չայկովսկու անվան երաժշտական տասնամյակը: 1988թ․ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (տեսական բաժին)։ Կոնսերվատորիայում սկսել է երգեհոնի դասընթացները պրոֆ․ Վահագն Ստամբոլցյանի դասարանում։ 1990թ․-ից ծավալել է համերգային գործունեություն որպես մենակատար-երգեհոնահար։ 1996թ․-ից պարբերաբար մեկնել է հյուրախաղերի (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Վատիկան)։

2000թ․ Լայպցիգում (Գերմանիա) Յոհան Սեբաստիան Բախի անվան միջազգային երգեհոնային մրցույթում արժանացել է «Յոհան Սեբաստիան Բախ» ("Sonder-Bachpreis”) մրցանակին, որից հետո սկսել է համերգային շրջագայություն Գերմանիայի  տարբեր քաղաքներում (Լայպցիգ, Բեռլին, Վյուրցբուրգ, Քյոլն, Դորտմունդ, Դյուսելդորֆ, Բոնն, Համբուրգ)։

   2001թ․-ից ուսանել է Համբուրգի բարձրագույն երաժշտական ակադեմիայում, որտեղ սովորել է պրոֆ․Վոլֆգանգ Ցերերի (երգեհոն) և պրոֆ․Դիտրիխ Վագլերի (իմպրովիզացիա) մոտ։ Այս տարիներին համագործակցել է տարբեր նվագախմբերի և ճանաչված դիրիժորների հետ (Ֆելիքս Համմեր, Հարտվիգ Էշենբուրգ):

   2008թ․-ից առ այսօր աշխատում է է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում որպես երգեհոնի դասախոս։ Համերգներով հանդես է գալիս Հայաստանի տարբեր քաղաքներում, համագործակցում տարբեր հայ դիրիժորների հետ (Վահան Մարտիրոսյան, Տիգրան Հեքեքյան, Ռոբերտ Մլքեյան, Հովհաննես Չեքիջյան)։

   2014թ․-ից սկսած մենահամերգներով պարբերաբար հանդես է գալիս Սանկտ-Պետերբուրգում՝ մասնակցելով երաժշտական փառատոների («Романтический орган белых ночей»,« Диалог органных школЗапад и Восток»)՝ ներկայացնելով ոչ միայն արևմտաեվրոպական, այլև հայ երաժշտություն: